Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ  ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին
ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Անգլերենը՝ սովորողի նախասիրությունների զարգացման գործունեություն ավագ դպրոցում word office file
Կատարող՝ Նունե Այդինյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց
Դասավանդած առարկան՝ անգլերեն
Խորհրդատու՝ Յուրա Գանջալյան

Երևան 2022

Բովանդակություն

Ներածություն ………………………………………………………… 3

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը.
այլոց փորձի ուսումնասիրություն………………………………..…5
Սովորողի նախասիրությունների զարգացումը ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային նախագծերի ………………………12
Եզրակացություն …………………………………………………. 18

Օգտագործված գրականության ցանկ……………………………… 19

Ներածություն

Սույն հետազոտության նպատակն է ներկայացնել, թե ինչպես կարելի է հեղինակային մանկավարժության, մասնավորապես նախագծային ուսումնառության գործադրմամբ զարգացնել սովորողի նախասիրությունները՝ հասնելով հանրակրթության պետական նոր չափորոշիչներով սահմանված վերջնարդյունքների ձևավորմանը: Համաձայն Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի՝ հանրակրթական միջնակարգ ծրագրի (ավագ դպրոցի) «օտար լեզուներ» ուսումնական բնագավառի սովորողի համար սահմանված են հետևյալ վերջնարդյունքները՝ առնվազն երկու օտար լեզվով, իսկ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈՒ) սովորողի դեպքում՝ համապատասխան այլընտրանքային հաղորդակցման միջոցով, բավականին սահուն և հանպատրաստից բանավոր շփում լեզվակիրների հետ իրեն հետաքրքրող թեմաներով, տարաբնույթ, այդ թվում՝ ընտրած մասնագիտության ոլորտի բառապաշար պարունակող տեքստերի ընթերցում և հիմնական մտքի հասկացում, տարբեր թեմաների շուրջ գրավոր շարադրանքի կառուցում:

Հետազոտությամբ անդրադարձ եմ կատարել սովորողի նախասիրությունների վերաբերյալ ԱՄՆ փորձին, մասնավորապես VARK մոդելի ուսումնասիրմանը, Հովարդ Գարդների հետազոտության վրա հիմնված «Բազմաբնույթ մտածողության» տեսությունը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային նախագծերին:  Կրթահամալիրը, որտեղ  արդեն 3-րդ տարին է անընդմեջ, ինչ անգլերեն եմ դասավանդում, գործում է հեղինակային կրթական ծրագրերի մշակման, կազմակերպման-փորձարկման և տարածման առաքելությամբ: Կրթահամալիրի հեղինակային մանկավարժությունը հենվում է կրթական ծրագրի մասնակիցների՝ դասավանդողների, սովորողների, ծնողների, մանկավարժության այլ շահառուների փոխադարձ հարգանքի, վստահության, լիարժեք հաղորդակցության՝ գործընկերության վրա:

Հետազոտական աշխատանքի հիմնական մասը
Այլոց փորձի ուսումնասիրություն

ԱՄՆ-ի ավագ դպրոցների 21 678 աշակերտների շրջանում անցկացված համազգային հարցումը պարզել է, որ սովորողների՝ դպրոցի հանդեպ տածած զգացմունքների գրեթե 75%-ը բացասական է եղել (YaleNews, 2020): Ինչպե՞ս է ավագ դպրոցի աշակերտը զգում դպրոցում հարցին շատերը պատասխանել են, որ «հոգնած» են, որին հաջորդել է «սթրեսային վիճակում» և «ձանձրացած» լինելու հանգամանքը: Եթե նման հարցում անցկացվեր Հայաստանում, շատ չէր տարբերվի, հատկապես հաշվի առնելով 12-րդ դասարանցիների գերծանրաբեռնվածությունը՝ նրանց գերհոգնածության պատճառով: Իսկ, այն, թե ինչպես են սովորողները զգում դպրոցում, կարևոր նշանակություն ունի նրանց ակադեմիական առաջընթացի համար: 

Ինչպե՞ս զարգացնել երեխայի երևակայությունը, նրա համար առավելագույնս հետաքրքիր, ավելի ակտիվ, մասնակցային և հաճելի դարձնելով դասավանդման ամբողջ ընթացքը՝ խրախուսելով վերլուծական, քննադատական միտքը աշակերտների շրջանում, բավարարելու սովորողի նախասիրությունները, նպաստելու հետագա մասնագիտության ընտրությանը, օգնելու հիմնական դպրոցի շրջանավարտին ընտրություն կատարելու, ապահովելու սոցիալական շփում հասակակիցների հետ: 

Դասարանում փոխըմբռնման մթնոլորտի ստեղծումը արդյունավետ հաղորդակցության նախապայման է: Համաձայն մերօրյա ամերիկացի փորձառու ուսուցիչ և դասագրքերի հեղինակ Ջերեմի Հարմերի՝ (britishcouncil.org, 2019) փոխըմբռնումը հնարավոր է այն դասարանում, որտեղ կա դրական, հաճելի և հարգանքի վրա հիմնված հարաբերություններ ուսուցչի և սովորողների, ինչպես նաև սովորողների՝ միմյանց միջև: Ինչպե՞ս է նորը յուրացնում մարդու ուղեղը և հետևաբար ինչպես պետք է իրականացվի արդյունավետ ուսուցումը, արդյունավետ ուսուցման օրինակներով հիմնավորված ի՞նչ սկզբունքներ կան, ի՞նչն է մոտիվացնում սովորողներին, ինչպե՞ս ապահովել արդյունավետ հետադարձ կապ: Որո՞նք են այն գործիքները, որոնք ձևավորում են փոխվստահության մթնոլորտ:

Որևէ մեթոդ կիրառելուց առաջ անհրաժեշտ է ճանաչել երեխաներին, հասկանալ նրանց հետաքրքրությունները և փոքր-ինչ ճկունություն գործի դնելով՝ հնարը կամ մեթոդը համապատասխանեցնել երեխաների նախասիրություններին: Խմբի անդամներից մեկը կարող է լինել լոկոմոտիվ, ով կարող է առաջադրանքի ծանրությունն իր վրա վերցնել, աջակցել և մասնակից դարձնել մյուսներին՝ ստեղծելով փոխվստահության մթնոլորտ: 

Տարբեր սովորողներ սովորելու տարբեր նախասիրություններ ունեն: Այդ նախասիրությունները նկարագրելու համար կիրառվում են բազմաթիվ մոդելներ: Սովորողների տարբերությունները պայմանավորված են ուսումնառության ոճով, ինչը կարող է կարևոր լինել սովորելու տարբեր ձևերը հասկանալու համար: Օգտակար է իմանալ սովորողների ուժեղ կողմերը և կիրառել դրանք ուսումնառությունը բարելավելու նպատակով: VARK մոդելի ուսուցման ոճերին ծանոթացել եմ Հերթական ատեստավորման համար ուսուցչի վերապատրաստման Տարիքային հոգեբանություն մոդուլի ընթացքում, որ դասավանդում էր Արևիկ Բաբայանը: Մանրամասները՝ https://opentextbc.ca/studentsuccess/chapter/learning-preferences-and-strengths/#footnote-68-1  և https://harappa.education/harappa-diaries/vark-learning-style/

VARK մոդելի ուսուցման ոճերն են՝
• Տեսողական ուսուցում (Visual)
• Լսողական ուսուցում (Auditory)
• Կարդալ և գրել (Reading and writing)
• Կինեստետիկ ուսուցում (Kinesthetic)

Տեսողական ոճ
Տեսողական ոճի սովորողները լավագույնս սովորում են տեսնելով: Գրաֆիկական ցուցադրումները, ինչպիսիք են գծապատկերները, դիագրամները, նկարազարդումները և տեսանյութերը, օգտակար ուսուցման գործիքներ են ուսուցման տեսողական ոճ ունեցող սովորողների համար: Տեսողական ոճին նախապատվություն տվող սովորողները, նախընտրում են տեսանելի տեղեկատվություն, ֆիլմեր, նկարներ:

Լսողական ոճ
Ուսուցման լսողական ոճ ունեցող սովորողները լավագույնս սովորում են լսելով: Նրանք հակված են շատ բան ստանալ դասախոսություններից և լավ են հիշում այն, ինչ իրենց պատմում են: Այս սովորողները ավելի շուտ գերադասում են դասախոսություն լսել, քան գրավոր նշումներ կարդալ, և նրանք հաճախ օգտագործում են իրենց ձայնը նոր հասկացություններն ու գաղափարներն ամրապնդելու նպատակով: Այս տեսակի սովորողները նախընտրում են իրենց համար բարձրաձայն կարդալ կամ կրկնել կարդացածը, տեղեկատվությունը հիշելու համար երգեր հորինել:

Կարդալ և գրելու ոճ

Այս ոճը գերադասող սովորողները նախընտրում են գրավոր տեղեկատվությունը: Նրանք սիրում են ցուցակներ կազմել, նշումներ անել, գրքերը կարդալ և սահմանումներ դուրս բերել, բառարաններում բառեր փնտրել, ինտերնետում նոր և հավելյալ տեղեկատվություն գտնել:

Կինեստետիկ ոճ
Այն սովորողները, ում մոտ զարգացած է ուսուցման այս ոճը, սիրում են ուսուցման ընթացքում կիրառել իրենց բոլոր զգայարանները: Կինեստետիկ սովորողների համար կարևոր է գործնական աշխատանքը: Նրանք նախընտրում են նոր գիտելիք ձեռք բերել սեփական փորձով: Այս սովորողները շարժուն են, ակտիվ: 

Սովորողների նախասիրություններով պայմանավորված Փիթեր Հանին և Ալան Մամֆորդը տարբերակում են այլ չորս ուսումնական ոճեր, որոնք վերաբերում են ուսուցման ընթացքի տարբեր փուլերի: ժամանակի ընթացքում մարդիկ սովորաբար սկսում են նախընտրել և հիմնվել մեկ կամ մի քանի ոճի վրա: (https://www.skillsyouneed.com/learn/learning-styles.html

Այսպիսով՝ ուսումնական չորս ոճերն են՝

ակտիվ,
ռեֆլեկտիվ,
պրագմատիկ/գործնական/,
տեսական:

Բավականին հանրաճանաչ է Հովարդ Գարդների հետազոտության վրա հիմնված «Բազմաբնույթ մտածողության» տեսությունը
https://opentextbc.ca/studentsuccess/chapter/learning-preferences-and-strengths/#footnote-68-1, որում նա առաջարկել է սովորելու, իրեր ստեղծելու և խնդիրներ լուծելու ութ տարբեր եղանակներ: Բոլորն ունեն այս ութ մտածողությունները: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր անհատի մոտ որոշ մտածողություններ ուժեղ են, մյուսներն ավելի թույլ են, ինչը հանգեցնում է սովորելու տարբեր նախասիրությունների: Բազմակի մտածողության 8 տիպերն են

Լեզվական մտածողությունը բանավոր խոսակցական և գրավոր լեզվի զգացողությունն է, լեզուն սովորելու կարողությունը և որոշ նպատակներին հասնելու համար լեզուն կիրառելու հնարավորությունը։ Այն ներառում է լեզուն՝ որպես հռետորական կամ բանաստեղծական արտահայտման միջոց կիրառելու կարողությունը, ինչպես նաև որպես տեղեկատվությունը մտապահելու միջոց։

Տրամաբանական-մաթեմատիկական մտածողությունը կապված է տրամաբանության, վերացարկման, դատողության, քննադատական մտածողության, ինչպես նաև նաև պատճառա-հետևանքային կապերը հասկանալու ունակությունների հետ։

Տարածական մտածողությունը ներառում է ընդարձակ և ավելի սահմանափակ տարածությունների ճանաչման և նրանց օգտագործման ներուժը։

Երաժշտական մտածողությունը ներառում է գործիքներ նվագելու, ստեղծագործելու և երաժշտության գնահատման կարողությունները։ Այն հնարավորություն է տալիս ճանաչել ու ստեղծել երաժշտական ձայներ, տոներ և ռիթմեր։

Մարմնաշարժողական մտածողության հիմնական տարրերն իր մարմնի շարժումները վերահսկելու և համակարգելու կարողություններն են։ Մտածողության այս տիպը հատկապես զարգացած է մարզիկների, պարողներ, երաժիշտների, դերասանների, ոստիկանության աշխատողների մոտ։

Միջանձնային մտածողությունը վերաբերում է այլ մարդկանց մղումները, դրդապատճառներն ու ցանկությունները հասկանալու հնարավորությանը։ Այն մարդկանց հնարավորություն է տալիս արդյունավետ համագործակցել միմյանց հետ։ Մանկավարժները, առևտրի բնագավառի աշխատողները, հոգևոր և քաղաքական առաջնորդներն ու խորհրդատուները լավ զարգացած միջանձնային մտածողության կարիք ունեն։

Ներանձնային մտածողությունը տալիս է ինքն իրեն, իր զգացմունքները, մտահոգություններն ու մղումները հասկանալու հնարավորություն։ Սա սեփական արդյունավետ աշխատանքը հասկանալու ունակությունն է, որի մասին տվյալները, տեղեկություններն օգտագործվում են մեր կյանքը կարգավորելու համար։

Բնագիտական մտածողությունը հնարավորություն է տալիս բնության տարրերը տեսնել փոխկապակցության մեջ։ Կիրառելով մտածողության այս ձևը՝ մարդը կարող է պատկերացում կազմել արտաքին (բնական, կենդանական, տիեզերական) աշխարհի մասին։

Այսպիսով, ի՞նչ պետք է անեն ուսուցիչները: Գարդները պնդում է, որ «Բազմաբնույթ մտածողության տեսությունը չպետք է լինի ինքնին կրթական նպատակ»: Հետազոտության և ստանդրտների խմբագիր Յուկի Թերադան առաջարկում է մի շարք փաստահենք անելիքներ: (https://www.edutopia.org/article/multiple-intelligences-theory-widely-used-yet-misunderstood)

Ըստ այդմ՝ խորհուրդ է տրվում
-սովորողներին ընձեռել տեղեկատվության հասանելիության բազմաթիվ եղանակներ, որոնք ոչ միայն դասերն ավելի գրավիչ կդարձնեն, այլև սովորողներն ավելի հավանական է կհիշեն այն տեղեկությունները, որոնք ներկայացված են տարբեր ձևերով:

-անհատականացնել դասերը. իմաստ ունի հանդես գալ տարբերակված մեթոդներով, անգամ եթե սովորողները չունեն մեկ գերիշխող ուսուցման ոճ:

Անհրաժեշտ է նաև
-խուսափել ուսուցման միօրինակ մեթոդից և հաշվի առնել սովորողների կարիքներն ու հետաքրքրությունները:
-ներառել արվեստը դասերի մեջ. դպրոցները հաճախ կենտրոնանում են լեզվական և տրամաբանական մտածողությյան վրա, բայց կարելի է զարգացնել սովորողների անձնական աճը՝ թույլ տալով նրանց արտահայտվել տարբեր ձևերով: Ինչպես բացատրում է Գարդները, «Բազմաբնույթ մտածողության» իր տեսությունը հնարավորություն է տալիս կրթվել արվեստի միջոցով: Ըստ այս տեսության՝ բոլորը՝ որպես մարդ, ունեն որոշակի մտավոր ներուժ։

Իր հերթին ուսումնառության նախագծող Ռոզալին Սորդը դասավանդողների համար առաջարկում է արդյունավետ հաղորդակցության մեթոդներ դասարանում:  https://www.highspeedtraining.co.uk/hub/communication-skills-for-teachers/

Հաղորդակցությունը առանցքային դեր ունի դասարանում. հաջող ուսուցումը սովորաբար պահանջում է ընդամենը 50% գիտելիքներ և 50% հաղորդակցման հմտություններ: Ակնկալվում է, որ դասավանդողը պետք է հմուտ լինի հաղորդակցության բոլոր չորս միջոցներում՝ լսել, խոսել, կարդալ և գրել, և պետք է իմանա, թե ինչպես արդյունավետ կերպով օգտագործի այդ հմտությունները դպրոցական միջավայրում: Ապացուցված է, որ այն կարող է ազդել ինչպես սովորողների հաջողությունների վրա իրենց ուսումնական կյանքում, այնպես էլ դասավանդողի սեփական կարիերայի հաջողությունների վրա: Վերջինս կշահի նաև՝ սովորողների, ծնողների և գործընկերների հետ շփվելիս:

Սովորողի նախասիրությունների զարգացումը՝ ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային նախագծերի

Սովորողի նախասիրությունների զարգացումը հնարավորություն կտա օտար լեզուների արդյունավետ ուսուցում կազմակերպել՝ դասապրոցեսը առավելագույնս հետաքրքիր և հաճելի դարձնելով, առողջ մրցակցություն ապահովելով, բոլորին, այդ թվում՝ ԿԱՊԿՈՒ սովորողներին ներգրավելով և մոտիվացնելով, ինչպես նաև օգնելով մասնագիտական կողմնորոշմանը: Այն իր հերթին կխթանի սովորողների՝ լեզվական գրագիտության, սովորել սովորելու,  ինքնաճանաչողական և սոցիալական,  թվային և մեդիա, ժողովրդավարական և քաղաքացիական, մշակութային ու տնտեսական կարողունակությունների ձևավորումը՝ ապահովելով հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում,  արժեքային բաղադրիչ: Միաժամանակ, ուրախալի է նշել, որ ըստ Բրիտանական խորհրդի վերապատրաստման նյութերի՝առանցքային հմտությունները՝ այն է՝ մտածողության առանցքային հմտությունները՝ քննադատական ​​մտածողություն և խնդիրների լուծում, ստեղծագործականություն և երևակայություն, շփվելու հիմնական հմտությունները՝ հաղորդակցություն և համագործակցություն, թվային գրագիտություն և գործողությունների իրականացման հիմնական հմտությունները՝ սովորողի առաջնորդություն և անհատական ​​զարգացում, և քաղաքացիություն մասամբ համընկնում են կրթության պետական չափորոշիչով սահմանված վերը նշված կարողունակություններին:

Այժմ անդրադառնանք նախագծերին, տեսնելու, թե սովորողների նախասիրությունների վրա հիմնված նախագծերի իրականացումն ինչպես են զարգացնում նրանց կարողունակությունները: Սովորողների սիրելի նախագծերից են Սովորող-սովորեցնող նախագիծը: Ներկայացվում է սովորել սովորելու վերաբերյալ իմ՝ «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ» շուրջտարյա նախագծից հատված թարգմանաբար: Tigran Serobyan: a programmer who thinks about progress հարցազրույցում նշված է. «Ես արդյունավետ ուսումնառության գաղտնիք չունեմ. Կարծում եմ՝ սովորել սովորելու լավագույն միջոցը դասավանդող լինելն է և ամեն ինչ կասկածի տակ առնելը: Ամեն ինչ անհատական է: Կարող եք գտնել, թե ինչն է լավագույնս աշխատում Ձեր պարագայում: Վաղ արթնանալն ու օրը կարևոր աշխատանքով սկսելը կարող է Ձեզ ավելի արդյունավետ դարձնել: Մի՛ մոռացեք երբեմն պարգևատրել և գովաբանել ինքներդ Ձեզ: YouTube-ի տեսանյութերն ու ֆիլմերը սովորաբար  փոքրիկ ոգեշնչումն են ինձ համար: Երաժշտությունը տրամադրություն և զգացմունքներ փոխանցելու գործիք է և կարող է օգնել գտնելու լավ հոգեվիճակ: Կարծում եմ, որ շատ կարևոր է ավարտին հասցնել սկսած աշխատանքը: Որոշ ժամանակ անց բացում եմ իմ նախկին աշխատանքը և տեսնում, թե ինչպես եմ փոխվել, ինչպես կանեի նույն բանը հիմա, և հենց այդտեղ է դրսևորվում  ինքնազարգացումը: Եթե ​​շատ արագ լուծումներ գտնենք, չենք ունենա այն փորձը, որը շատ կարևոր է առաջընթացի համար: Ես բուռն հետաքրքրությամբ եմ զբաղվում ծրագրավորմամբ: Մի անգամ որոշեցի պատրաստել պիքսելների գունազարդման առցանց խաղ, որպեսզի բոլորը կարողանան նկարել միաժամանակ նույն կտավի վրա: Այն ժամանակ ես բավականաչափ գիտելիքներ չունեի ծրագրավորման մասին և բախվեցի բազմաթիվ խնդիրների ու սխալների։ Բազում տառապանքներից հետո մի կողմ դրեցի այդ նախագիծը: Մեկուկես տարի առաջ գտա իմ կոդը և ավարտեցի այն»: Ուշագրավ է նաև Aram Petrosyan: the boy who thinks big and cares about his community հարցազրույցը, որում նշվում է. «Այս դպրոցը զարգացրեց իմ միտքը շատ առումներով: Ես այստեղ սկսեցի հասկանալ այլընտրանքային կրթության արժեքը։ Այս դպրոցն ինձ ներկայացրեց ինքնաուսուցման արվեստը: Ես գիտեմ, թե ինչպես սովորել»: Կարևորում եմ նաև 

Ilona Sahakyan: the girl who opened a language center and is a Peace Ambassador հարցազրույցը, որտեղ մեծ տեղ է տրվում տնտեսական կարողունակությանը: Նրանց համար էական դերակատարություն է ունեցել Սովորող-սովորեցնող նախագիծը:

Սովորողների նախասիրությունների զարգացմանը մեծապես նպաստել է «Կերպարներ, որ փոխել են աշխարհը» նախագիծը: Այն շուրջտարյա նախագիծ է և 5 անգամ հանրային ներկայացվել է դպրոցում: Ընդ որում, վերջին ներկայացման ժամանակ այն նպաստել է 9-րդ դասարանցիների մասնագիտական կողմնորոշմանը: Նա, ով մտադիր էր դառնալ ճարտարապետ, ներկայացրել է ճարտարապետի՝իրաքա-բրիտանացի ճարտարապետ և դիզայներ Զահա Հադիդին, որն առաջին կին ճարտարապետն է, որ 2004թ. արժանացել է Պրիցկերի ճարտարապետական մրցանակի (նոբելյան մրցանակի համարժեքը ճարտարապետության բնագավառում): Ով մտադիր է սոցիոլոգ լինել, բավականին հասուն կերպով ներկայացրել է սոցիոլոգների: Սովորողը, որը հաճախում է Թումո, և մտադիր է դառնալ ծրագրավորող, ներկայացրել է ամերիկացի ճարտարագետ, գործարար, Էփլ կորպորացիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն, Պիքսար ստուդիայի տնօրեն Սթիվ Ջոբսին: Ֆուտբոլիստը ներկայացրել է բրազիլացի «ֆուտբոլի արքա» Պելեին (Էդսոն Արանտիս դու Նասիմենտու), լողորդը՝ ամերիկացի լողորդ, օլիմպիական չեմպիոն Դարա Թորեսին: Սովորողների մի ստվար խումբ, որ ունի երաժշտական մտածողություն, ներկայացրել են Կոլումբոս նահանգի Օհայո քաղաքի Twenty One Pilots  ամերիկյան երաժշտական խումբը,  բրիտանական Քուին ռոք խումբը, ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին, hարավկորեական ԹիԷքսԹի (Tomorrow X Together) բոյ բենդը: Ավելին ստեղծվել է խումբ՝ նախագիծը ներկայացնելու նպատակով՝ Խմբի ստեղծումը՝ նոր շունչ նախագծին:

«Կերպարներ, որ փոխել են աշխարհը» նախագծի կարևորությունը նրանում է, որ սովորողները ոչ միայն գիտելիք և հմտություն են դրսևորել, այլև ներկայացրել են արժեքային բաղադրիչ և դիրքորոշում: Նրանք հանդես են եկել մարդու իրավունքների պաշտպանների՝ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջին սևամորթ նախագահ, մարդու իրավունքների համար պայքարի ամենահայտնի ակտիվիստներից, Նոբելյան մրցանակի դափնեկիր Նելսոն Մանդելային և ամերիկացի բապտիստ հոգևորական և ակտիվիստ, քաղաքացիական իրավունքների պաշտպան, Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգին ներկայացնելով, որը հայտնի է  «Ես երազանք ունեմ» ելույթով: Ներկայացնելով ավստրիացի հոգեբան, հոգեբույժ և նյարդաբան, հոգեվերլուծության  հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդին, բեմի վրա կատարվել է հոգեվերլուծություն: Նա, ով սիրում է քիմիա, ներկայացրել է  ֆիզիկայից (1903) և քիմիայից (1911) Նոբելյան մրցանակի կրկնակի դափնեկիր, Փարիզում և Վարշավայում Կյուրիի ինստիտուտների հիմնադիր Մարի Կյուրիին: Կինեստետիկ ոճ սիրողները ոչ թե ոգևորությամբ պատմել են իրենց սիրած կերպարի մասին, այլ մարմնավորել են դրանց՝ հանդես գալով որպես եգիպտական Պտղոմեոսների արքայատոհմի ամենահայտնի և վերջին թագուհի Կլեոպատրա VII-ին՝ cleopatra-presentationDOWNLOAD և անգլիացի երգիչ, բրիտանական «Բլեք Սաբաթ» ռոք խմբի համահիմնադիր Oզզի Oսբորն:  Գաղտնիք չէ, որ դպրոցում շատ են սիրում ճապոնական արվեստ: Ուստի սովորողը ներկայացրել է ճապոնացի մանգա արտիստ Այ Յազավային, որն արժանացել է  Շոգակուկան Մանգա մրցանակի: ԵՎ իհարկե նա, ում տարերքը երաժշտությունն է, ներկայացրել է «System of A Down» ալտերնատիվ մետալ-ռոք խմբին:

Ուշագրավ է, նաև, որ նախագիծը ներկայացնելու համար որոշ սովորողներ կարդացել են ստվար գրքեր՝ պակիստանցի ակտիվիստ, իրավապաշտպան, Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիր Մալալա Յուսուֆզային ներկայացնելու համար  սովորողն ընթերցել է I am Malala, իսկ 1981-1996 թվականներին Արքայազն Չարլզի, այժմ՝թագավորի նախկին կինը, 100 մեծանուն բրիտանացիների ցուցակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Դիանա Սպենսերին  կամ արքայադուստր Դիանային ներկայացնելու համար նրա մասին ողջ գիրքը: Նորաձևությամբ հետաքրքրվողները ներկայացրել են նորաձևության բրիտանացի դիզայներ, նորաձևությունում փանկ ոճի հիմնադիր Վիվիեն Վեստվուդին: Անշուշտ, սովորողների հետաքրքրությունները բազմազան են և ներկաայացրել են անգամ հրեական ծագումով ամերիկացի ներդրող, բիզնես-մագնատ, բարերար, քաղաքական ակտիվիստ և հեղինակ Ջորջ Սորոսին, որի մասին կան դավադրության տեսություններ որոշակի շրջանակներում:

Տեսողական և կինեստետիկ ոճի սիրահաարները և երաժշտակաան մտածողությամբ օժտվածները ներկայացրել են իտալացի նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, գիտնական և ճարտարագետ Լեոնարդո դա Վինչիին, իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ, կերամիստ, կուբիզմի հիմնադիր Պաբլո Պիկասոյին, ինչպես նաև  «Բիթլզ» ռոք խումբը՝ հանդես գալով խմբի հիմնադիր Ջոն Լենոնի “Eleanor Rigby” երգի կատարմամբ:
Նրանք նաև ներկայացրել են Ջոն Լենոնին սպանող  Մարկ Դևիդ Չեպմենին` Ջերոմ Սելինջերի «Փրկիչը տարեկանի արտում» վեպի լույսի ներքո, «Նիրվանա» ռոք խումբը՝  հանդես գալով “Smells Like Teen Spirit” երգի կատարմամբ և «Քուին» ռոք խումբը, “Bohemian Rhapsody“ երգի կատարմամբ:

Եվ իհարկե, հանդիսատեսը դեռ երկար կհիշի գերմանացի քաղաքական գործիչ, Նացիստական կուսականության առաջնորդ, պատերազմական հանցագործ, Գերմանիայի կանցլեր, ֆյուրեր,  Հոլոքոստի կազմակերպիչ Հիտլերի, միջնադարյան անգլիական ազգային բալլադների հերոս Ռոբին Հուդի, Դանիայում պատսպարված ծագումով հրեա գերմանաբնակ Աննա Ֆրանկի, անգլիացի մաթեմատիկոս, տրամաբան, գաղտնավերլուծող և ինֆորմատիկայի մասնագետ Ալան Թյուրինգի, արվեստների հովանավոր և ամրոցաշինարար Բավարիայի թագավոր Լյուդվիգ II-ի,  Իրանի Իսլամական Հանրապետության ազգային հերոս Շահիդ Ֆահմիդեի, կերպարները մարմնավորող սովորողներին: Նրանց մեծ հրճվանք էր պատճառում այդ անձանց կերպավորումը:

«ԱՄՆ-ի մասին՝ համառոտ» նախագիծը ներկայացնելիս նույնպես արտահայտվել են դիրքորոշում և արժեքներ, ցուցաբերելով թվային գրագիտություն՝ քաղաքացիություն և ժողովրդավարություն,  ԱՄՆ իշխանության ճյուղերը, հանցանք և պատիժ, Կուկլուքսկլան: Սովորողները սիրով ներկայացրել են նաև ուղևորություն ԱՄՆ-ով, ԱՄՆ քաղաքները,
ԱՄՆ տոները, կրթությունը ԱՄՆ-ում, ՆԱՍԱ, ԱՄՆ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաները:

Սովորողներին մեծ հրճվանք է պատճառել նաև Հանրահայտ ստեղծագործությունների առանցքային ուղերձները, Բեմադրություն. սովորել՝ կատարելով, Ծանոթանում ենք առասպելներին և լեգենդներին նախագծերը:

Եզրակացություն

Սովորողի նախասիրությունների զարգացումը՝ ըստ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային նախագծերի հնարավորություն է տալիս սովորողներին հանդես բերել յուրաքանչյուրին բնորոշ լեզվական, տրամաբանական-մաթեմատիկական (Սովորող-սովորեցնող), տարածական, երաժշտական,  մարմնաշարժողական, միջանձնային, ներանձնային, բնագիտական մտածողության տիպերը: Սովորողները նաև հանդես են բերում 21-րդ դարին բնորոշ հմտություններ և կարողականություններ՝ քննադատական ​​մտածողություն և խնդիրների լուծում, ստեղծագործականություն և երևակայություն, հաղորդակցություն և համագործակցություն, թվային գրագիտություն և գործողությունների իրականացում, առաջնորդություն և անհատական ​​զարգացում, և քաղաքացիություն: Նրանք որևէ բանով չեն զիջում իրենց արտասահմանցի հասակակիցներին: Հաճույքով կատարած աշխատանքը սովորողներին սովորելու հրճվանք է պատճառում և խթանում է սովորողների՝ լեզվական գրագիտության, սովորել սովորելու,  ինքնաճանաչողական և սոցիալական,  թվային և մեդիա, ժողովրդավարական և քաղաքացիական, մշակութային ու տնտեսական կարողունակությունների ձևավորումը՝ ապահովելով հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝ գիտելիք, հմտություն, դիրքորոշում,  արժեքային բաղադրիչ:

Օգտագործված էլեկտրոնային գրականության ցանկ 

1. Հանրակրթության պետական չափորոշիչ, 2020 
2. Հայաստանի հանրապետության կրթության բարելավման ծրագրի «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի հանրակրթության առարկայական չափորոշիչներ և ծրագրեր, 2021
3. YaleNews, 2020
4. Multiple Intelligences Theory: Widely Used, Yet Misunderstood, Youki Terada
https://www.edutopia.org/article/multiple-intelligences-theory-widely-used-yet-m
5. britishcouncil.org, 2019
6. https://opentextbc.ca/studentsuccess/chapter/learning-preferences-and-strengths/#footnote-68-1  և https://harappa.education/harappa-diaries/vark-learning-style/
7. «ԱՄՆ-ի մասին՝ համառոտ»
8. Հանրահայտ ստեղծագործությունների առանցքային ուղերձները,
9.Բեմադրություն. սովորել՝ կատարելով,
10. Ծանոթանում ենք առասպելներին և լեգենդներին
11. «Կերպարներ, որ փոխել են աշխարհը»
12. ՝ «Մարդիկ, որ ոգեշնչում են մեզ»
13. https://www.skillsyouneed.com/learn/learning-styles.html
14. https://www.highspeedtraining.co.uk/hub/communication-skills-for-teachers/

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started